Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցու սրահում գումարված Ֆրանսիայի Հայոց թեմի Թեմական պատգամավորական ժողովում նոր թեմակալ առաջնորդ է ընտրվել:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ առաջադրված թեկնածուների եռանուն ցանկից 54 թեմական պատգամավորներից ներկա 44-ը քվեների մեծամասնությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ են ընտրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ընտրության արդյունքների հաստատումից հետո Վահան եպիսկոպոսը կստանձնի Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնը:
Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը 51 տարեկան է, ծնունդով Իրաքի մայրաքաղաք Բաղդադից է: 2009 թվականի դեկտեմբերին ընտրվել է Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ, 2011-ի նոյեմբերին ձեռամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Հեղինակ է տասնյակ աշխատությունների և հոդվածների, դասախոսել է ուսումնական հաստատություններում: